BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ով ամենակռվարարն ու լաչառությամբ աչքի ընկնողն է, ուրեմն ընդդիմադի՞ր է»

«Ով ամենակռվարարն ու լաչառությամբ աչքի ընկնողն է, ուրեմն ընդդիմադի՞ր է»
21.05.2013 | 17:27

«Ոչինչ, որ չանցանք»,- այսպես արձագանքեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեր հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն վերաբերվում այն փաստին, որ այս ընտրություններից հետո էլ տեղ չգտավ Երևանի ավագանիում և, ընդհանրապես, ինչ է պատրաստվում անել, որպես ընդդիմություն, Նախախորհրդարանը, օրինակ, պատրաստվում է ծավալել դիմադրության շարժում: Դաշնակցությունը պատրա՞ստ է միանալ այդ շարժմանը:
«Մենք ինչու՞ պետք է որևէ մեկին միանանք: Մենք վաղուց ունենք մեր մշակած կուրսը և առաջնորդվում ենք դրանով: Մեր երկրում ընդդիմությանը միշտ էլ վերագրվել է մի ապուշ և կեղծ դեր: Նա, ով ամենից բարձր է հայհոյում, ով ամենից բարձր է գոռում, ամենակռվարարն ու լաչառությամբ աչքի ընկնողն է, ուրեմն ընդդիմադիր է: Հետո պարզվեց, որ ընդդիմությունն ուրիշ կերպ էլ կարող է լինել: Իշխանությունը փող է բաժանում ընտրությունների ժամանակ, մի ուրիշ տեսակի ընդդիմությունն ավելի շատ փող է բաժանում, որ այդ դաշտում լինի: Ուրեմն ո´չ այս դաշտն է ճիշտ, ո´չ էլ՝ մյուսը: Այդ լաչառության, զոռբայական կռիվների ասպարեզներում, չեմ կարծում, թե նոր նախաձեռնությունները հաջողությամբ կարող են պսակվել: Ճիշտն այն ճանապարհն է, որը մենք ենք ընտրել և վաղուց ենք ընտրել: Որքան շուտ հավաքվեն այդ ճանապարհի շուրջ, այնքան շուտ ընդդիմության հաղթանակը կդառնա իրական: Դա հանգիստ, հանդարտ պայքարն է: Մեր աշխատանքը իշխանության հետ չէ, մեր աշխատանքը հասարակության հետ է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
ԱԺ դաշնակցական պատգամավորին հիշեցրինք, որ ինքը Երևանի ավագանու նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե ընդդիմադիր տարբեր ուժեր չեն միավորվում ամբիցիաների պատճառով: Չի՞ նշանակում, որ ՀՅԴ-ն էլ ունի իր ամբիցիաները, և հիմա էլ իրենք են ամբիցիաներ ցուցաբերում:
«Որտե՞ղ է ամբիցիաներ ցույց տվել: Էստեղ քաղաքական կուրսի հարց է: Եթե կա իմ քաղաքական գաղափարներն ինձնից լավ իրականացնող, ես պատրաստ եմ դրոշը ձեռքիս գնալ այդ մարդու հետևից»,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ